Ի պատասխան պաշտոնական հայտարարությունների, որ Կոպենհագենի թագավորական գրադարանը «Հայկական ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանգը» խորագրով ցուցահանդես է կազմակերպում, Դանիայում Թուրքիայի դեսպանը նույն գրադարանին առաջարկել է նաեւ «այլընտրանքային» ցուցահանդես կազմակերպել «Այսպես կոչված Հայկական ցեղասպանությունը» խորագրով, որի կազմակերպիչը կլինի Թուրքիայի կառավարությունը:

Տեղեկանալով, որ թանգարանն արդեն իսկ որոշել է արտոնել թուրքական ցուցահանդեսի անցկացումը՝ «հանուն հավասարակշռության», մի խումբ թուրք մտավորականներ, խորհրդարանի նախկին անդամներ եւ քաղաքապետեր նամակ են հղել թանգարանին, գրում է «Ասպարեզը»:

«Մի՛ ընդդիմացեք Թուրքիան ժողովրդավարական դարձնելու եւ այն իր պատմության հետ դեմ հանդիման բերելու ջանքերին» նախադասությամբ սկսվող նամակում շեշտվում է, որ իրենք անհանգստացած են նման ցուցահանդես կազմակերպելու նպատակով Թուրքիայի կառավարությանը տրված թույլտվությամբ՝ պնդելով, որ սխալ է համարել, թե երկու տարբեր տեսանկյուններ գոյություն ունեն 1915-ի իրադարձությունների կապակցությամբ:
«Պատմությունն անկեղծորեն ընդունելը անբանակցելի նախապայման է իսկական ժողովրդավարության համար: Թուրքիայի կառավարությունը, վերջին 90 տարիներին բանեցված ճնշումների միջոցով, փորձում է իրականությունը կոծկել, իսկ ուրացման այդ արշավին զոհ են գնացել մեծ թվով մտավորականներ, որոնցիվ մեկն էր լրագրող Հրանտ Դինքն է: Նման ցուցահանդեսի թույլտվություն տալով՝ դուք պարզապես նպաստած կլինեք վախի ու ճնշումների միջոցով պարտադրվող ուրացման քաղաքականությանը»,- գրված է նամակում, որտեղ նաեւ շեշտվում է, որ նման քայլը հետաձգում է Թուրքիայում ժողովրդավարության հաստատումը, վնասում ամբողջ Միջին Արեւելքին, որովհետեւ՝ «Թուրքիայի ներկա կառավարությունը խոչնըդոտ է Միջին Արեւելքում խաղաղություն, ժողովրդավարություն եւ կայունություն հաստատելու ջանքերին»:
Նամակի տակ մոտ 40 ստորագրությունների հեղինակների շարքում են պատմաբաններ Թաներ Աքչամն ու Հալիլ Բերքթայը, Տիգրանակերտի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, նախկին պատգամավորներ Սըրրը Սաքըքը եւ Ուքուֆ Ուրասը, լրագրողներ Այշե Հյուրն ու Ռոնի Մարգուսլիսը, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Յոզդեմիրը, դասախոսներ, խմբագիրներ ու մտավորականներ:
Դանիայի մտավորական ու քաղաքական շրջանակները եւս ընդդիմացել են նշյալ նախաձեռնությանը: Դանիայի Ժողովրդական կուսակցության արտաքին հարցերով խոսնակ Սորեն Էսփերսենն ասել է, որ թուրքական առաջարկն անհեթեթ է, որովհետեւ եթե նման առաջարկն ընդունվի, ապա պետք է թույլ տալ, որ գերմանացի ազգայնամոլները ցուցահանդես մը կազմակերպեն հրեական ողջակիզման մասին:
Դանիացի նշանավոր ցեղասպանագետ Մաթիաս Բեոնելունթը եւս ակնարկել է, որ եթէ թույլ տրվի Թուրքիայի դեսպանատան նախաձեռնությունը, ապա թագավորական գրադարանը՝ որպես գիտական հաստատություն, կհավասարեցնի պատմական այս իրադարձության նկատմամբ հայկական եւ թուրքական դիրքորոշումները, այնինչ  Հայկական ցեղասպանությունը պատմական իրականություն է եւ այդ մասին որեւէ այլ մեկնաբանություն չի կարող գիտական լինել: