Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա բացասական ազդեցություն է ունեցել Ռամիլ Սաֆարովի հետ կապված միջադեպը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային ժողովի «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, այս պահին սառեցված է:
Անդրադառնալով այդ հարաբերությունների հնարավոր զարգացման հեռանկարներին, Բիշարյանը նշեց, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի վերքերն սպիանան եւ հայ ժողովուրդը կարողանա ապագային հեռանկարներով առաջ նայել: «Հայաստանի համար շատ դժվար է որեւէ հարաբերություն չունենալ իր 4 հարեւաններից երկուսի հետ»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է հարաբերությունների նորմալացումը, քանի դեռ Թուրքիայում իշխանության են Էրդողանն ու Գյուլը, Բիշարյանը պատասխանեց. «Անձերն այս հարցում կարեւոր են, սակայն ավելի կարեւոր է Թուրքիայում քաղաքացիական հասարակության մտածողությունը: Երբ նրանց հասարակությունն այնքան հասունանա, որ հայերին ու Հայաստանը սվիններով չընդունի, այդ ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի թեթեւ եւ արդյունավետ կդառնա»:





























