Փետրվար 9-11-ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Մեծ Բրիտանիա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունենալու: Այս մասին NEWS.am-ին հայտնում են իր դիվանագիտական աղբյուրները։

Նշենք, որ վերջին անգամ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ ՀՀ նախագահը հանդիպել է 2009 թվականի մայիսի 11-ին ԵՄ «Արևելյան գործընկերության» անդրանիկ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Չեխիայի մայրաքաղաքում: Այստեղ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Միլիբենդի հետ:

Հայտնի է, որ անկախությունից հետո Հայաստանը ԵՄ երկրներից առավել ինտենսիվ շփումների մեջ է եղել Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ: Մինչդեռ համաշխարհային քաղաքականության մեջ լրջագույն ազդեցություն ունեցող այնպիսի երկրի հետ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, շփումներն այդքան էլ ակտիվ չեն եղել: Այս երկրի հետ բարձր մակարդակի միակ շփումը եղել է 1996թ.` Հայաստանի նախագահի Մեծ Բրիտանիա կատարած այցելության ընթացքում: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի Մեծ Բրիտանիա այցելությունը մեծ կարեւորություն է ձեռք բերում: