Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Վերջին 3 ամիսներին տնտեսական ակտիվության տեմպը կայուն բարձր է 7%-ից, սակայն զիջում է հունվար-օգոստոսի ռեկորդային 8,3% ցուցանիշին: Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.2% էր:
Նոյեմբերին նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության 6.7 % անկում, սակայն նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ առկա է 5.5 % աճ: Ամսական կտրվածքով նոյեմբերի անկումը պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնի ավարտով՝ գյուղատնտեսության անկումը մոտ 50 % է:
Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արդյունաբերության աճը կազմել է 7.5%, սակայն 10 ամսվա կտրվածքով առկա է աճի տեմպի դանդաղում՝ մինչեւ 9.1% (10 ամսվա կտրվածքով 10% էր, 9 ամսվա կտրվածքով 11,6 % էր, իսկ 8 ամսվա կտրվածքով՝ 13,2%):
Տնտեսական ակտիվության աճին ամենաշատը, թերեւս, նպաստել է ծառայությունների ոլորտը (առանց առեւտրի), որտեղ 11 ամսվա կտրվածքով աճը 11.1 % է, թեեւ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 5,4% անկում:
Հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության աճը 8.3% է:
Աստիճանաբար ակտիվանում է շինարարությունը: Շինարարությունում անկման տեմպը 11 ամսվա կտրվածքով զգալիորեն նվազել է՝ իջնելով մինչեւ 0.7%, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին 3 տարում: Իսկ ամսական կտրվածքով` նոյեմբերիը հոկտեմբերի նկատմամբ, գրանցվել է 26% աճ:
Միջին աշխատավարձը նոյեմբերին կազմել է 118.4 հազ. դրամ՝ նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը գերազանցելով 5.1%-ով: Հոկտեմբերի համեմատ միջին աշխատավարձի էական փոփոխություն չկա։





























