Այս անորոշ եւ ճահճային իրավիճակի համար ինչքան մեղավոր է իշխանությունը, այնքան էլ ընդդիմությունը՝ հանձին Կոնգրեսի եւ նրա ղեկավարի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին «Հանրապետության» կուսակցության 6-րդ համագումարին, ասաց կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը:
Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթումից ի վեր արդեն տանսհինգ տարի է` Հայաստանում պերմանենտ հեղափոխական իրավիճակ է, բացառությամբ մի քանի ամիսների, երբ վարչապետ էին Վազգեն եւ Արամ Սարգսյանները:
Անդրադառնալով 2003 եւ 2007 թվականներին ստեղծված իրավիճակին` Լյովա Եղիազարյանն ասաց հետեւյալը. «Նա եկավ մեր ուժերով, մենք ասացինք՝ քո կողքին ենք, ու ժողովուրդը ներեց նրան նախկին սխալների համար, հավատաց նրան,առաջնորդին վայել դիմավորեցինք ու նրան ընտրեցինք: Տասը օր շարունակ ժողովուրդը սպասում էր, որ հայտարարեր` ուր որ է, ուր որ է: Արամ Սարգսյանը հայտարարեց` չգնա՞նք Բաղրամյան 26, Բագրատյանը՝ եւս, Իսկ նա՝ հեղափոխությունը բառը չպետք է լինի մեր լեքսիկոմում, միայն սահմանադրական ճանապարհով, նույնիսկ այն դեպքում երբ ժողովուրդը լքեց Սերժ Սարգսյանին եւ միացավ մեզ: Սկսվեց միաժամանակյա շախմատային սեանս ժողովրդի հետ, իշխանության հետ, Բարգավաճի հետ, ավարտը բոլորիս էլ հայտնի է: Ձախողված ընտրարշավ, շարժման շարքերի նոսրացում, Ծառուկյանին նվիրված դիֆերամբներ եւ արդյունքում ձգած, ձգձգված յոթ տոկոս»:
Լյովա Եղիազարյանի խոսքով` արդունքում ժողովուրդը հիասթափվեց եւ եղել է աննախադեպ հավատի կորուստ: «Ժամանակը ցույց տվեց, որ նրա նման փորձառու գործիչն էլ կարող է սխալվել եւ այդ սխալը կարող է ճակատագրական լինել հենց ժողովրդի համար: Ժողովուրդը ոչինչ չշահեց այդ շախմատային խաղից: Շահեց միայն իշխանությունը հեշտացավ նրա վերատարադրվելու գործընթացը»,- ասաց նա:
Կուսակցության ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի եւ նրա ռեժիմի համար ձեռնտու է ժողովրդի այս վիճակը, որովհետեւ իշխանությունը պահելու մեջ բոլոր մեթոդներն եւ ձեւերը նրա համար ընդունելի են:
Լյովա Եղիազարյանը ճիշտ է համարում իրենց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի նախագահական ընտրություններին չառաջադրվելու որոշումը, այլապես առաջադրումը կնշանակեր Սերժ Սարգսյանի հաղթանակը լեգիտիմացնել, մտնել կեղտոտ խաղի մեջ, որն առաջարկում են իշխանությունը եւ Կոնգրեսը: «Ընտրություններից հետո կպարզվի` ով ով է, մեր խնդիրն է լինելու ժողովրդի կորցրած հավատը հետ վերադարձնել»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























