1933թ. հրատարակված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմում է հայկական փոքր համայնքի ջանքերի մասին, որը փորձում էր Հայոց ցեղասպանության ժամանակ դիմակայել արտաքսմանը եւ ջարդերին: Վեպն արգելվել էր նացիստական Գերմանիայի եւ Թուրքիայի կողմից, իսկ հոլիվուդյան ֆիլմ ստեղծելու մի քանի փորձերն արգելափակվել էին:
«Asbarez»-ը հայտնում է, որ փաստագրական նոր «Արգելված հերոսապատում. զրկելով «Մուսա լեռան քառասուն օրից» ֆիլմը պատմում է Վերֆելի գլուխգործոցի հիման վրա Հոլիվուդում ֆիլմ նկարահանելու փորձերի եւ հանդիպած խոչընդոտների մասին:
Սակայն փաստագրական ֆիլմը դեռեւս ավարտված չէ: Նախագիծը ֆինանսավորելու համար պրոդյուսերները միջոցների հավաքագրման համացանցային քարոզարշավ են սկսել: Պրոդյուսերներից եւ ռեժիսորներից մեկը՝ Էդվին Ավանեսը, պատմել է փաստագրական ֆիլմի կարեւորության մասին:
«Մեր նպատակն է հանդիսատեսին բացառիկ հնարավորություն ընձեռել՝ տեսնելու վեպի եւ ֆիլմի նկարահանումները դադարեցնել փորձող արտաքին ուժերի քաղաքական շահարկումների շուրջ վեճերը»,– մեկնաբանել է Ավանեսը: Նա նաեւ նշել է ֆիլմում վերլուծվող առանցքային թեմաները, այդ թվում՝ գաղտնի համաձայնությունը, դավադրությունը եւ գրաքննությունը:
Հայտնի ռեժիսորները եւ դերասանները՝ Էլիա Կազանը, Ռուբեն Մամուլյանը եւ Սիլվեսթր Ստալոնեն, տասնամյակների ընթացքում փորձել են Վերֆելի վեպի հիման վրա ֆիլմ նկարահանել, սակայն՝ ապարդյուն: Ավանեսը նշել է, որ այսօր Հոլիվուդն այն չէ, ինչ 1930-ականներին: «Այդ պատճառով էլ հարցն այն է, թե որքանով շահավետ կլինի Ֆրանց Վերֆելի վեպի հիման վրա նկարահանված էպիկական ֆիլմը»:





























