Հայաստանի նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը: Խորհրդի անդամները հավանություն են տվել նաեւ 2010-2014թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2011/2012 ուստարում նախատեսված գործողությունների կատարման, ինչպես նաեւ համալսարանում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների կատարման վերաբերյալ բուհի ռեկտորի հաշվետվություններին: ԵՊՀ 2011/2012 ուսումնական տարվա գործունեությունը խորհրդի անդամների կողմից գնահատվել է բավարար:

Օրակարգի հարցերի շարքում լսելով նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը 2012 թվականի (հունվար-նոյեմբեր) եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ՝ խորհուրդը որոշել է հավանության արժանացնել այն եւ համալսարանի ընթացիկ տարվա եկամուտների ու ծախսերի հաշվետվության գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2013թ. եկամուտների եւ ծախսերի տարեկան նախահաշիվը: