ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման փաստով քրեական գործ է հարուցվել 144 հոդվածի հատկանիշներով` մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը: Եթե դրանք նախատեսված չեն օրենքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով, կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են Վարդան Օսկանյանին հարցաքննել, նա պատասխանեց. Նա պարտավոր էր հարցաքննվել, քանի որ հաղորդում է տվել»:

Ավելի վաղ տեղկացրել էինք, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16.25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում  տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»:

Նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  քրեադատավարական կարգով  ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար:

Նշենք, որ Youtube-ում հայտնվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը: Խոսակցության հիմնական թեման եղել է ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման հնարավորությունը:  Բացի դրանից Լեւոն Զուրաբյանը բավականին արհամարհական տոնով է արտահայտվել Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին, իսկ ավելի  հստակ`  կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու վերաբերյալ: Youtube-ում  ձայնագրության տեղադրումից հետո` այն հայտնվել է նաեւ լրատվամիջոցներում: Դրանից հետո Զուրաբյանը, նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարություններով, որոնցում ԱԱԾ-ին մեղադրել են անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ հրապարակման մեջ, որը հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը: Ի դեպ. Երեկ այդ ձայնագրությունը հեռացվել է Youtube-ից: