Եգիպտոսում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կանցկացվի նոր Սահմանադրության հանրաքվեի 2-րդ փուլը։ Իսլամիստների կողմից հաստատված Հիմնական օրենքին «դեմ» կամ «կողմ» քվեարկելու են 17 նահանգների բնակիչներ՝ ընդհանուր առմամբ 25,5 մլն մարդ։ Մոտ 85 հազար զինծառայողներ կապահովեն 6724 տեղամասերի բաժանված բոլոր 176 ընտրատարածքները։

Հանրաքվեի առաջին փուլն անցկացվել է դեկտեմբերի 15-ին՝ Եգիպտոսի 10 նահանգներում։ Այն ընթացել է զանգվածային խախտումներով եւ խարդախություններով։ Մի քանի դեպք է գրանցվել, երբ ղպտիներին (եգիպտական քրիստոնյաներին) ներս չեն թողել ընտրական տեղամասեր։ Հաճախ տեղամասերը հակառակ կանոնակարգի, փակվել են աղոթքների ժամանակ։ «Կողմ» քվեարկողներին բաժանել են սննդամթերք եւ փող, ինչպես նաեւ սակավ հանդիպող կենցաղային գազերի սակավ հանդիպող մխոցներ։

Նախօրեին մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են, որ մտադիր են իրավաբաններից բաղկացած հատուկ հանձնաժողովներ կազմել, որոնք կհետեւեն քվեարկության ընթացքին, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն։

 Համաձայն առաջին փուլի միջին ամփոփման, Սահմանադրությանը կողմ են երկրի քաղաքացիների 57%-ը, դեմ են՝ 43%-ը։ Նույնիսկ զանգվածային եւ անթաքույց խախտումների եւ խարդախությունների առկայության պարագայում, իսլամիստներին առաջին  փորձից չի հաջողվել սահմանադրության օգտին հավաքել 89 % ձայն, որը նրանք շտապել էին հայտարարել դեռ մինչեւ քվեարկության ավարտը։

Եգիպտական ազատական ընդդիմադիրները պնդում են, որ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի նախաձեռնությամբ մշակված Սահմանադրության նախագիծը չի արտացոլում երկրի ամբողջ բնակչության շահերը։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել, որ «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման հետեւորդ նախագահը ձգտում է երկիրը վերածել շարիաթների օրենքներով իսլամական պետության։

Հանրաքվեի երկրորդ փուլի նախօրեին ամբողջ երկրում ցույցեր են եղել ինչպես նոր Սահմանադրության նախագծի օգտին, այնպես էլ՝ նրա դեմ։ Մասնավորապես Ալեքսանդրիայում ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել։