Մոսկվայից Վրաստան է վերադարձել նախկին պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին՝ Զվիադ Գամսախուրդիային տապալելու ապստամբության մասնակիցը, որն ավելի վաղ դատապարտվել էր ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու համար։
Թբիլիսիի օդանավակայանում Կիտովանին լրագրողներին հայտնել է, որ իրեն հստակ մեղադրանքներ չեն ներկայացվել, պարզապես խլել են վրացական անձնագիրը։
Կիտովանին ավելի վաղ լիակատար աջակցություն էր հայտնել Վրաստանի նոր կառավարությանը՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ։
«Նովոստի Գռուզիան» նշում է, որ Թենգիզ Կիտովանին 90-ականներին գլխավորում էր Վրաստանում ստեղծված Ազգային գվարդիան։ Սակայն ավելի ուշ Զվիադ Գամսախուրդիան կարգադրել էր ցրել այն։ Կիտովանին հրաժարվել էր։ Նա ռազմականացված «Մխեդրիոնի» խմբավորման առաջնորդ Ջաբա Իոսելյանի եւ Թենգիզ Սգուայի հետ հեղաշրջում էր կազմակերպել, որի հետեւանքով Գամսախուրդիան պաշտոնանկ էր արվել եւ փախել երկրից։
Էդուարդ Շեւարդնաձեի օրոք Թենգիզ Կիտովանին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը (1991-1993)։
1995թ. կրկին փորձել է «ազատագրական երթ» սկսել դեպի Աբխազիա։ 1996թ. դատապարտվել է ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու համար, մի քանի տարի անց Շեւարդնաձեն նրան ներում է շնորհել։ Վերջին տարիներին բնակվում էր Ռուսաստանում։
Հիշեցնենք, Վրաստանում իշխանափոխությունից հետո երկիր էր վերադարձել նաեւ պաշտպանության նախկին մեկ այլ նախարար՝ Թեմուր Խաչիշվիլին, որը նախկինում դատվել էր Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Վերադառնալու մտադրության մասին հայտարարել է նաեւ պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն, որի նկատմամբ դարձյալ Շեւարդնաձեի դեմ մահափորձի համար միջազգային հետախուզում էր հայտարարվել։





























