Մեզ համար նախագահի թիվ մեկ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, չնայած որ ՀԱԿ-ում շատ թեկնածուներ կան։ Այդ մասին Հայոց համազգային շարժման 17-րդ համագումարում հայտարարել է ՀԱԿ կազմում գտնվող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության առաջնորդ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին իրեն միայն մտահոգում է նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափը. «2008թ. քաղաքական ընդդիմադիր ուժերը կարողացան միավորվել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի շնորհիվ, որը կարողացավ բոլորին համախմբել իր շուրջը։ ՀԱԿ-ը պատասխանատու է ժողովրդի ճակատագրի համար, եւ ժողովուրդը կարող է հաղթել նախագահական ընտրություններում, եթե չհուսալքվի»։

Սարգսյանը նաեւ նշել է, որ ՀԱԿ-ը ժողովրդին աղետալի դրության մեջ թողնելու եւ հույսից զրկելու իրավունք չունի։ Հայ ժողովրդին հույսից չզրկելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է մասնակցի նախագահական ընտրություններին։

Նշենք, որ ոչ ՀՀՇ-ն, ոչ ՀԱԿ-ը չեն կողմնորոշվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի հարցում, թեեւ դեկտեմբերի 25-ից սկսվում է թեկնածուների պաշտոնական առաջադրման գործընթացը։