Հայաստանի քաղաքական կյանքում անհանգստացնող միտումներ կան, որոնք ժողովրդին եւ քաղաքական դաշտը պառակտում են երկու մասի՝ արեւմտամետ եւ ռուսամետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀՇ 17-րդ համագումարում հայտարարեց ՀԱԿ առաջնորդ, ՀՀՇ վարչության անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով, իրեն անհանգստացնում է այն, որ հասարակությունը, որն առանց այդ էլ պառակտված է, բաժանվել է երկու մասի: «Եթե որեւէ քաղաքական ուժ իր ծրագրում ներառում է շփումներ Արեւմուտքի հետ, նրան անվանում են արեւմտականներ, իսկ եթե իր ծրագրում ներառում է համագործակցություն Ռուսաստանի հետ, նրանց համարում են ռուսամետ ուժ: Որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Հայաստանը պետք է ընտրի Արեւմուտքի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Բայց ով ասաց, որ ճշմարտությունն այդտեղ է»,-ասաց ՀԱԿ առաջնորդը:
Տեր-Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ քաղաքական ուժերի միջեւ ժամանակավոր դաշինքներ լինում են ելնելով երկրի շահերից, ինչպես դա եղել է Ստալինի եւ Չերչիլի միջեւ: «Հայաստանը չպետք է լինի ոչ արեւմտամետ, ոչ ռուսամետ, բայց միաժամանակ չպետք է լինի հակաարեւմտական կամ հակառուսական»,-ընդգծեց նա:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























