Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սկսվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումն իր կողմնակիցների հետ: Հանդիպումը տեղի է ունենում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Հանդիպումը բաց է, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ուստի այլ քաղաքական ուժերին հատուկ հրավեր չի ուղարկվել: Հանդիպումը տեղի է ունենում բավական ոչ ֆորմալ մթնոլորտում, հնչում է երաժշտություն, հանդիպումը վարում է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Լրագրողների հետ կարճ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ ընտրություններում առաջադրվելու մտադրությանը, հայտարարեց, որ բոլոր թեկնածուներին արժանի մրցակից է համարում:  «Բայց ժողովուրդն այս անգամ կասի իր վճռական խոսքը»,-վստահեցրեց նա:

Հանդիպման ավարտին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության արտահերթ (7-րդ) համագումարը, որին մասնակցելու համար ավելի քան 100 պատվիրակ է ժամանել: