Մեզ վրա կարելի է հենվել եւ մեզ հետ ճանապարհ գնալ, նույնը ակնկալում ենք մեր գործընկերներից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «Օրինաց երկիր« կուսակցության 11-րդ համագումարին իր ելույթում ասաց ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նա իր ելույթում անդրադարձավ ՕԵԿ-ի անցած ճանապարհին, կարեւոր քաղաքական իրադարձություններին դիրքորոշմանը: Օրինակ՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ 2008թ նախագահական ընտրություններին իրենք հավաքել են այնքան ձայն, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանը իր երկու տասնյակ կուսակցություններով: «Ո՞վ է պատասխան տալու Մարտի 1-ի համար, այն առաջնորդը որը մեկ կանգառ չիջավ ժողովրդին տեր դառնալու համար, հաստատ այդ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր, ոչ էլ այլ ազնիվ մարդիկ, որոնք հայտնվեցին բանտերում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա շեշտեց, որ չնայած բոլոր քննադատություններին, քաղաքական շահարկումներին, ժողովուրդը միշտ քվեարկել է ՕԵԿ-ի օգտին իրենց տեսակի, պայքարի շիտակության համար, ինչի վկայությունը մայիսյան խորհրդարանական ընտրություններն են:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՕԵԿ-ի տեսակը՝ նշելով, որ իրենք կապ չունեն կրիմինալների եւ մոնոպոլիաների հետ, մարդկային տեսակով չար եւ հիշաչար չեն, «տակից խաղեր չեն տալիս», իսկ քաղաքականության մեջ առաջնորդվում են բարոյականության սկզբունքով:
Խոսելով ՕԵԿ-ի օրենսդիր եւ գործադիր մարմնում աշխատանքի մասին՝ Արթուր Բաղդասարյանը վստահորեն պնդեց, որ իրենց որեւէ նախարար, որը ներքաշված կլինի որեւէ կոռուպցիոն գործունեության մեջ, տեղ չի ունենա ՕԵԿ-ի շարքերում եւ նրանցից կազատվեն:
Նա կարեւորեց, որ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա գիտի, որ եթե նա հարյուր դոլար էլ կաշառք վերցրեց, պատժվելու է: «Համեմատելով տարիներ առաջվա հետ՝ տարբեր կառավարման համակարգերում վերացվել են կոռուպցիոն ռիսկերը, բայց այսօր կոռուպցիան որոշ ոլորտներում կա, բայց այս ընտրություններից հետո դրանք եւս կձերբազատվեն»,- ասաց նա:




























