«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանի նախագահը պետք է կրճատի ավելորդ ծախսերը:

Այսօր` դեկտեմբերի 22-ին հանրային հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի վիճակում գտնվող երկրի նախագահը կարող էր հրաժարվել սեփական ինքնաթիռի ծախսերից եւ էկոնոմ դասով ճանապարհորդել:

Նա ելույթում անդրադարձել է երկրի մի շարք խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին: Կոռուպցիայի վերաբերյալ  «Ժառանգության» առաջնորդը նշել է, որ եթե բիզնեսի զգալի մասը ստվերից հանվի,  երկիրը մի քանի տարում դուրս կգա ստեղծված իրավիճակից: Երկրին նոր Սահմանադրություն է պետք: Պետությունը պետք է կառավարվի խորհրդարանական համակարգով, օրենսդրությունը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին: Ր. Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ բնապահպանության, էներգետիկայի ոլորտներին, ընդգծել բանակի ուժեղացման կարեւորությունը:

Արտաքին քաղաքական հարցերին անդրադառնալով` նա նշել է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիա հայաբնակ շրջանի զարգացման կարեւորությունը: Իսկ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություները վերաբեռնավորման կարիք ունեն: «Հարկ է վերջ դնել ուղղահայաց հարաբերություններին եւ նոր հարաբերություններ կառուցել` հիմնված փոխադարձ հարգանքի եւ երկկողմ հետաքրքրությունների վրա», - ընդգծել է Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության  100-ամյակին  եւ Թուրքիայի հետ հարաբերություններին` կուսակցության ղեկավարը նշել է Անկարայի նկատմամբ քաղաքականությունը փոխելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով, պետք է վերջնականապես հրաժարվել հայկական կողմի համար  վտանգավոր դրույթներ պարունակող հայ-թուրքական արձանագրություններից եւ Հայաստանին դեպի ծով մուտք ապահովելու ուղղությամբ աշխատել:

Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասով, ըստ Հովհաննիսյանի, անհրաժեշտ է հասուն գործընկերություն: Հայաստանի համար կարեւորագույն հարցերից նա ընդգծել է արտագաղթը: Ըստ նրա, այժմ հասարակ քաղաքացիները մեկուսացած են պետությունից, ինչը ծնում է անտարբերություն եւ պառակտում: Դա հիանալի հիմք է ստեղծում իշխանությունների վերարտադրման համար: Ամփոփելով, Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին հիշեցրել է, որ նախագահական ընտրությունների օրը «բոլորիս ամենալուրջ քննությունն է սպասվում»:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվել:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի / NEWS.am