Իժեւսկում քաղաքային 2-րդ մանկատան 11 սաներ կիրակի օրը` հունվարի 31-ին դանակի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հետաքննության վարկածով, մանկատան սաներից մեկը` Արթուր Ռուբչիկովը պարտադրել է 10-14 տարեկան երեխաներին կտրել սեփական զարկերակները եւ ինքն էլ օրինակ է ծառայել: Մանկական հիվանդանոցում առաջին օգնություն տրամադրելուց հետո, նրանց կրկին տեղափոխել են ինտերնատ` ամբուլատոր բուժման: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ներկայումս օպերատիվ միջոցառումներ են անցկացվում 17-ամյա չարագործի գործողությունների դրդապատճառները պարզելու համար: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հետաքննության ընթացքում Իժեւսկի մանկատան տնօրենը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ռուբչիկովին դեմ քրեական գործ է հարուցվել «մարմնական վնասվածքներ հասցնելու» մեղադրանքով: Եթե նրան հասցեագրված մեղադրանքները հաստատվեն, ապա Ռուբչիկովին սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում: Քննիչների խոսքով, պատանին չի ընդունում իր մեղքը եւ դեռ որեւէ ցուցմունք չի տալիս:
Միաժամանակ, Life News-ը մանրամասներ է հաղորդում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Սեփական համարձակությունն ապացուցելու համար ամեն մեկն ինքը պետք է կտրեր սեփական զարկերակը: Ով չէր կարողացել, Ռուբչիկովն անձամբ է մոտեցել ու կտրել նրա զարկերակը:
Ռուբչիկովն այդ քայլին է գնացել, որպեսզի վրեժ լուծի մանկատան տնօրենից, ով թույլ չի տվել իրեն ապրել մանկատանը մինչեւ 19 տարեկան հասակը: Բանն այն է, որ մի քանի շաբաթից պետք է լրանար Արթուր Ռուբչիկովի 18 տարին, որից հետո նա պետք է լքեր մանկատունը: Սակայն օրենսդրության մեջ կա դրույթ, որ մանկատան ղեկավարության համաձայնությամբ երեխան կարող է այնտեղ մնալ մինչեւ 19 տարեկանը, իսկ տնօրենը դա թույլ չի տվել: Պատճառն այն է եղել, որ այդ դեռահասը հաճախ ծեծկռտուք է կազմակերպել մանկատանը։
Ուդմուրտիայի նախագահ Ալեքսանդր Վոլկովն իր անմիջական հսկողության տակ է վերցրել դեպքի հետաքննությունը:




























