Դեկտեմբերի 24-ին կաթոլիկները նշում են Ճրագալույցը: Նախորդ գիշեր ամբողջ աշխարհում տեղի են ունեցել պատարագներ եւ տոնական ժամերգություններ:   Վառվող մոմերը ձեռքներին փողոց են դուրս եկել  հարյուր հազարավոր հավատացյալներ: Բեռլինում հավաքվել է 23 հազար մարդուց բաղկացած երգչախումբ:

Վատիկանում շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Բենեդիկտոս XVI պապը: Ավանդույթի համաձայն` նա կաթոլիկներին դիմել է տարբեր լեզուներով: Կաթոլիկական Սուրբ ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին: 

Ճրագալույցին ընտանիքներում զարդարում են  տոնածառերը եւ տեղադրում մսուրները:  Պատրաստվում է տոնական ընթրիքը, որը բաղկացած է պասի կերակուրներից: Սեղանի կենտրոնում դրվում է օծված բաղարջը: Ընթրիքն սկսելուց առաջ ընտանիքի  ղեկավարը բարձրաձայն  հատված է կարդում Ղուկասի Ավետարանից, որը պատմում է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին: Այնուհետեւ բոլոր ներկաները վերցնում են  հացը եւ բաժանում միմյանց միջեւ`  իրար մաղթելով խաղաղություն եւ բարիք: Դրանից հետո սկսվում է Ճրագալույցի ընթրիքը: Ընթրիքից հետո  ողջ ընտանիքը գնում է ժամերգության: 

Տարածված է նաեւ սուրբծննդյան սեղանի շուրջ ազատ տեղ թողնելու ավանդույթը: Եթե այդ օրը որեւէ մեկը հյուր գա, ապա կընդունվի որպես եղբայր:

Պահպանվել է նաեւ սպիտակ սփռոցի տակ  խոտ դնելու սովորույթը: Այն խորհրդանշում է Բեթղեհեմի քարայրի աղքատությունը եւ Աստվածամորը, որը նորածին Աստվածորդուն դրել էր մսուրի խոտի մեջ: