Հանրապետությունը հացի խնդիր ունի, այս 5 տարում եւս 70 հազար հա հող չի մշակվում, եթե նախկինում 600 հազար երեխա էր դպրոցում սովորում, այսօր սովորում է 350 հազար, բոլորը խոսում են Հայաստանը լքելու մասին, իսկ դա անթույլատրելի է: Այս մասին, այօսր՝ դեկտեմբերի 24-ին, «Ազատություն» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով քիչ առաջ համագումարում առաջադրվել է նախագահի թեկնածու:
«Ի՞նչ մի դժվար է ապամենաշնորհացնել տնտեսությունը: Մենք հազար անգամ զգուշացրել ենք՝ մի թույլ տվեք խոշորը մտնի, սելեկտիվ մոտեցում մի ունեցեք: Ժողովրդի 40 տոկոսը պետք է զբաղված լինի ակտիվ ստեղծագործական աշխատանքով, տեր լինի բիզնեսի մեջ, ոչ թե լինի վարձու աշխատող»,-ընդգծել է նա, հավելելով, որ երկրում իհարկե, եղել են նաեւ որոշ դրական բաներ, որոնք շատ-շատ քիչ են: «Այս տարիների մեջ լավ բաներն են՝ ծննդաբերության սերտիֆիկատները, որ եղել է մեր ծրագրում: Զգալիորեն պակասել է կաշառակերությունը պետավտոտեսչության համակարգում: Ես տեսնում եմ այդ առաջընթացը: Ավարտեցինք կրթության ռեֆորմները կամ՝ ամրագոտիներ ենք հիմա կապում: Դա շատ լավ է»,-ասել է Բագրատյանը, վստահեցնելով, որ ինքը քաջ ծանոթ է երկրի առեջւ ծառացած խնդիրներին եւ կարող է մատնանշել երկրի համար կենսական ու պետականաստեղծ քայլերը:
Նշենք, որ այսօր, «Ազատության» համագումարում Հրանտ Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Նա օրեր առաջ Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու եւ այդ առաջադրումը ՀԱԿ-ի կողմից չի լինելու: Նա խոստացել էր հանել թեկնածությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Բագրատյանն իր այդ որոշումը բացատրել էր ընտրություններում արեւմտյան արժեքներ դավանող թեկնածուի մասնակցության անհրաժեշտությամբ:



























