Գործարար եւ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը Նոր տարին կդիմավորի առավել շքեղ, քան նախորդ տարի, երբ Կարիբյան կղզիների նրա առանձնատանը հավաքվել էին 300 հյուրեր, որոնց զվարճացրել էր Red Hot Chili Peppers ռոք խումբը:

The Daily Mail-ը գրում է, որ Ռոման Աբրամովիչը սովոր է  ընդունել հարուստ եւ հայտնի մարդկանց, եւ նա կանի ամեն ինչ, որպեսզի համոզված լինի, որ  այս տարվա երեկույթը կլինի նախորդներից ամենալավը: «Դարի երեկույթն» արդեն չորրորդ տարին տեղի է ունենում օլիգարխի Կարիբյան Սեն Բերտելեմի կղզիների առանձնատանը: Սակայն, դատելով պապարացիների լուսանկարներից, առանձնատունը բավական չէ բոլոր հյուրերին տեղավորելու համար, այդ պատճառով էլ  մինչեւ դեկտեմբերի 31-ը երկու շաբաթ առաջ աշխատողներն սկսել են նոր շինություններ կառուցել: Այդ ամենի համար կծախսվի հինգ միլիոն ֆունտ, գրում է NEWSru.com-ը:

Կարիբյան կղզիների տունը, որը նախկինում պատկանում էր Ռոքֆելերների ընտանիքին, ռուս օլիգարխը գնել է 2009թ. 59 միլիոն ֆունտով: Այդ ժամանակվանից 46-ամյա Աբրամովիչն  ամեն տարի այդտեղ է հավաքվում իր ընտանիքի հետ` 29-ամյա Դաշա Ժուկովայի եւ իրենց երեքամյա որդու` Ահարոնի, ու ընկերների հետ: