ՊԵԿ նախագահին կից գործող հատուկ աշխատանքային խումբը բաց երկխոսության է հրավիրվել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին: Կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նրանց ներկայացրել է հարկային օրենսդրության եւ վարչարարության վերջին նորությունները: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մի քանի ուղղություններով են կատարվել օրենսդրական փոփոխությունները. «Գործարար միջավայրի բարելավման նպատակով ներդրվել է փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի գաղափարը, որը գալիս է փոխարինելու շահութահարկին: Մեկ այլ փոփոխությունով էլ պարզեցվել է հաշվետվողականության գործընթացը. 2013-ի հունվարի 1-ից եկամտային հարկի միասնական հաշվարկն էլեկտրոնային եղանակով ներկայացնելը բիզնեսին միաժամանակ հնարավորություն կտա իր գրասենյակից իրականացնել ամբողջ գործըթացը»:
Բարեփոխումների շրջանակում 2014թ. հունվարի 1-ից նախատեսվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը: Փոփոխություններով հստակեցվել են հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չհամարվելու դեպքերը: Իսկ հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու առումով սահմանվել է խախտման օր հասկացությունը: Մեկ այլ դրույթով էլ սահմանվել են եկամտային հարկի դրույքաչափերը` հարկվող եկամտի նկատմամբ: Ավելի քան 3 տարի առաջ սկիզբ դրված ՊԵԿ-ՏՏ համագործակցությունն այսօր շոշափելի արդյունքներ է արձանագրում. համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրման եւ արդյունավետ կիրառման շնորհիվ, ՏՏ ոլորտի ընկերությունները մի շարք գործառույթներ արդեն իսկ իրականցնում են էլեկտրոնային եղանակով` հաշվետվությունների ներկայացում, հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում, մաքսային ձեւակերպումներում էլեկտրոնային համակարգի կիրառում եւ այլն: Ի դեպ, բարեփոխումների փաթեթում ընդգրկված մի շարք հարցադրումներ եւ նախաձեռնություններ հենց բիզնեսից են հնչում. ոլորտում գործող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այդպիսի բազմաթիվ առաջարկություններ է համակարգել եւ ներկայացրել կոմիտե, որտեղ էլ համատեղ քննարկվել եւ լուծում է տրվել բարձրացված հարցերին: Արդյունավետ գնահատելով պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վստահեցնում է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող խնդիրները կոմիտեի հետ համատեղ պարբերաբար վերլուծվում եւ հետեւողական քննարկվում են: Այսօր, նույնպես, քննարկման մասնակից շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան անմիջապես կոմիտեի ղեկավարությունից լսել եւ լիարժեք պարզաբանումներ ստանալ իրենց հուզող հարցերի շուրջ»:





























