Տեսականորեն, նախքան Հայաստանի նախագահի ընտրությունները դեռ բավական ժամանակ կա, որպեսզի ինչ-որ թեկնածու նախագահի պաշտոնին համապատասխան ունակություններ դրսեւորի եւ ստանա հասարակության որոշակի խավի ձայները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով սպասվող նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը:
«Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա մեկնաբանել կամ վերլուծել որեւէ անձի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը, բայց հարկ է նշել, որ Հայաստանում մարդկանց մեծ զանգված կա կամ հանրության մի քանի խավ, որոնք գիտակցական մակարդակով որոշակի դիրքորոշում ունեն, եւ կարծում եմ, որ դեռ բավական ժամանակ կա, որպեսզի ինչ-որ թեկնածու կարողանա ներկայանալ հանրությանը, կարողանա նախագահի պաշտոնին համապատասխան ունակություններ դրսեւորի եւ ստանա հասարակության որոշակի խավի ձայները», - ասել է Տ. Ուրիխանյանը՝ ընդգծելով, որ «դա՝ տեսականորեն»: «Գործնականում, անկեղծ ասած, կասկածում եմ», - նշել է պատգամավորը:
«Ընդհանրապես, այլընտրանքային թեկնածուի առկայությունը եւ մասնակցությունը այս կամ այն քաղաքական գործընթացում ինձ համար էական եւ կարեւոր է: Լավ է, երբ ընտրության լայն հնարավորություն կա, կա որակյալ ընտրություն եւ, ընդհակառակը, վատ է, երբ նման հնարավորություն չկա», - ասել է ԲՀԿ մամուլի քարտուղարը: Դիտարկմանը, որ նախագահի ընտրություններում հայ հանրությունը, փաստացի, զրկվել է այլընտրանքից, Տ. Ուրիխանյանը պատասխանել է, որ այս փուլում չէր ցանկանա եզրակացություններ անել: Երբ հայտնի դառնան բոլոր թեկնածուները, ինքը ճիշտ կհամարի նման վերլուծություն կատարելը:
Հարցին, թե ինչ քաղաքական ճակատագիր է սպասվում ՀԱԿ-ին, Ուրիխանյանը չի պատասխանել՝ կանխատեսումները թողնելով ՀԱԿ-ի գործընկերներին:





























