ՀԱԿ-ի կազմում ընդգրկված Պահպանողական կուսակցությունը (նախագահ Միքայել Հայրապետյան) հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ լքում է ՀԱԿ-ը:

Հայտարարությունում ասվում է.

«Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.

1. Հայ ազգային կոնգրեսից,

2. ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից:

Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետեւողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի եւ արեւմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար»:

Նշենք, որ երկար ժամանակ է, որ Պահպանողական կուսակցությունը ՀԱԿ-ում դիտորդի կարգավիճակ էր ստանձնել:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի առաջադրվում 2013-ի նախագահական ընտրություններում: