Նոր Զելանդիայի 14-ամյա բնակչուհին կարողացել է փրկվել շնաձկից Հարավային կղզու ծովափերից մեկում: Շնաձուկը հարձակվել է աղջնակի վրա, երբ նա մինչեւ գոտկատեղը կանգնած է եղել ջրում, հաղորդում է BBC-ն:

Լիդիա Ուարդը մահից փրկվել է սեփական վճռականության շնորհիվ։ Նա խուճապի չի մատնվել եւ դիմադրություն է ցույց տվել գիշատիչ ձկանը: Ինչպես հետո է պատմել, «մեծ, գորշ ու լպրծուն բանից» ազատվելու համար նա գործի է դրել իր սերֆինգի տախտակը:

Աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց շնաձուկը նրան երկու խորը վերք է հասցրել: Աղջիկը հայտնել է, որ շատ է կարդացել սերֆինգիստների ու լողորդների վրա շնաձկների հարձակումների մասին եւ օգտվել է էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու հրահանգներից:

Լիդիայի մոր խոսքով, աղջիկը մտադիր է առաջիկայում կրկին ծով վերադառնալ: