Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից իր որոշման մասին մամուլով հայտարարելը գալիս է արհամարհական վերաբերմունքից, որ միշտ դրսեւորվել է եւ ժողովրդի, եւ հանրության եւ ինչու չէ համախոհների, համակիրների, կուսակի ընկերների նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Սահակյանը կարծում է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու պատճառը տարիքն է, ինչպես, որ հիմնավորել է ինքը, ապա իր որոշման մասին կարող էր հայտարարել ՀՀՇ համագումարում, այլ ոչ երկու օր անց մամուլի միջոցով: «Իսկ , եթե չէր ուզում ՀՀՇ համագումարում հայտարարել, որպեսզի վատ պիտակից, վիճակից խուսափեր կամ ինչ-որ բանից վախենում էր, զգուշանում էր, դա նույնպես իր եւ ՀՀՇ-ի խնդիրն է»,- նկատեց Հովհաննես Սահակյանը եւ ավելացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից եւ չառաջադրումից էական տարբերություն չէր լինի: Նա հիմնավորեց, որ նախ հասարակությունն էր այլեւս անտարբեր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ, դա զգալով հավանաբար չառաջադրվեց: «Հասարակության մեջ այն պաթոսը, սպասումը պոռթկումը, որը կար 2008թ-ին նրա 10 տարիների լռությունից հետո այս կարճ տարիների ընթացքում այդ հետաքրքրությունը արագ մարեց, որովհետեւ բացի խոսքից, որոշակի քայլերից, որոնք որեւէ հետեւանք չունեին, ՀԱԿ-ը եւ իր առաջնորդը չկատարեցին, չարեցին եւ ժողովրդին ընդառաջ չգնացին: ՀԱԿ-ը այսօր դե-ֆակտո գոյություն չունի»,- ամփոփեց Հովհաննես Սահակյանը` նկատելով, որ որպես հայ տղամարդ, երբեւէ ընկածին չի ապտակում, խփում: «Այս պարագայում հարվածները աջից, ձախից կուսակից ընկերներից, հանրությունից այնքան շատ են, որ ես կոշտ ձեւակերպումներից զերծ կմնամ»,- լրացրեց Հովհաննես Սահակյանը:





























