Ճանապարհային ոստիկանությունը Ամանորին վարորդների նկատմամբ ներողամիտ չի լինելու: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Ճանապարհային ոստիկանությունը դեկտեմբերից արդեն աշխատում է ակտիվ եւ ուժեղացված ռեժիմով, ամանորին ճանապարհները 24-ժամյա հսկողության տակ կլինեն, Ամանորի գիշերը կաշխատի 170 ճանապարհային ոստիկան:
Արսեն Արշակյանը տեղեկացրեց, որ 2012թ տասնմեկ ամիսների ընթացքում Երեւանում տեղի է ունեցել 930 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 79, վիրավորվել 231 մարդ: Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի կարծիքով` ավտոպատահարները հիմնականում տեղի են ունենում վատ եղանակային պայմաններում անվադողերը չփոխելու հետեւանքով: Անցյալ տարվա դեկտեմբերի 24- ի դրությամբ դեպքերը նվազել են 12-ով, մահվան ելքով դեպքերը՝ 5-ով, վիրավորները՝ 2-ով: Այս պահին հանրապետությունում կա 43 արագաչափ, որից 37-ը` մայրաքաղաքում, տեսանկարահանող շարժական խցիկները 35-ն են:
Արսեն Արշակյանը դեկտեմբերի 31-ի երեկոյան աշխատանքի մեջ կլինի եւ մինչ առավոտյան 8:00-ը կանցկացնի Հանրապետության հրապարակում: Սա թվով 10-րդ Ամանորն է, որ նա անցկացնում է դրսում ու չի բողոքում:
Նա բոլոր վարորդներին կոչ արեց չխախտել երթեւեկության կանոնները, չգերազանցել երթեւեկության սահմանված արագությունը:





























