Ամերիկյան Այովա նահանգում ատամնաբույժն աշխատանքից հեռացրել է իր օգնականին, քանի որ նա չափից դուրս գրավիչ էր։ Դատարանը պաշտպանել է 53-ամյա Ջեյմս Նայթի իրավունքը՝ հայտարարելով, որ նա գործել է իր ընտանիքի շահերին համապատասխան։

32-ամյա ատամնատեխնիկ Մելիսա Նելսոնը, ով 10 տարի շարունակ աշխատել է Նայթի հետ, աշխատանքից հեռացվելուց հետո դատարան է դիմել։ Իր հայտարարության մեջ նա նշել է, որ երբեք չի սիրաբանել իր ղեկավարի հետ եւ չի փորձել քանդել նրա ընտանիքը։ Նայթը դատալսման ժամանակ խոստովանել է, որ վերջին ժամանակներում սկսել էր ուշադրություն դարձնել Մելիսային, քանի որ նա աշխատանքի էր գալիս կիպ գրկած հագուստով։

Գործի նյութերի մեջ ասվում է, որ 2009 թվականին Նայթը եւ Նելսոնն սկսել են շփվել հաղորդագրություններով եւ հիմնականում մասնագիտական թեմաներով։ Այնուամենայնիվ, հաղորդագրության մեջ շոշափվում են նաեւ անձնական բնույթի հարցեր։ Օրինակ՝ ատամնաբույժը հարցրել է իր օգնականին, արդյոք նա հաճա՞խ է օրգազմի հասնում։ Նելսոնը այդ հաղորդագրությունն անպատասխան է թողել։

Շուտով Նայթի կինն իմացել է նամակագրության մասին եւ ամուսնուն խնդրել հեռացնել աշխատակցուհուն։ Նայթը լսել է կնոջը։ Դատարանն աշխատանքից հեռացման գործի մասին որոշումն ընդունել է միայն այժմ, հաղորդում է «Լենտա.ռու»-ն։

Գերագույն դատարանի ձեւակերպման համաձայն (ընկերությունը բաղկացած էր բացառապես տղամարդկանցից), ղեկավարներն իրավունք ունեն աշխատանքից հեռացնել իրենց ենթականերին, եթե հասկանում են, որ նրանց արտաքին տեսքն ու պահվածքը ռիսկի գործոն է հանդիսանում ընտանեկան փոխհարաբերությունների համար։