Իրաքի ինքնավար Քուրդիստանի շրջանի իշխանությունները դադարեցրել են նավթի մատակարարումը կենտրոնական կառավարությանը: Քուրդիստանը Բաղդադին ֆինանսական պահանջներ է ներկայացրել, իսկ կենտրոնական իշխանությունները հայտնում են, որ նավթ չեն ստացել:
Քուրդիստանի ազգային պաշարների նախարարության ներկայացուցիչ Ալի Հուսեյն Բալոն հայտարարել է, որ Բաղդադը խախտել է իր պարտավորությունները՝ տարածաշրջանում աշխատող նավթարդյունաբերական ընկերություններին չվճարելով շուրջ 1 տրլն իրաքյան դինար (շուրջ 848 մլն դոլար): Առայժմ այդ գումարից վճարվել է միայն 550 մլն դոլարը:
Կենտրոնական իշխանություններն, իրենց հերթին, պնդում են, որ վճարումների ուշացումը պայմանավորված է նավթի մատակարարումների ծավալով, որը պետք է կազմի օրական 200 հազար բարել, հաղորդում է «Նեվտ Ռոսիի»-ն:
Այս տարվա ապրիլին ինքնավարությունն արդեն դադարեցրել է «սեւ ոսկու» մատակարարումը Բաղդադին՝ չվճարումների պատճառով: Այդ ժամանակ արտահանումը վերականգնվել էր միայն 4 ամիս անց՝ օգոստոսին:





























