Հայաստանում գրքի ներկրմամբ, հրատարակչությամբ եւ թարգմանությամբ զբաղվող եզակի ընկերություններից «Անտարես»-ին տուգանել են 374.000 դրամով, որովհետեւ Հայաստանի ՊԵԿ աշխատակիցը կասկածի տակ է դրել, որ ներկրված գրքերը գրքեր են, քանի որ, ըստ նրա, ձայն հանող, լույս արձակող, փափուկ, լոգանքի ժամանակ օգտագործվող-չթրջվող գրքերը՝ խաղալիքներ են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ցանկացել է Ամանորի նախօրեին Հայաստան ներկրել գրքի շուկայում բացակայող նորույթներ։ «Ռուսաստանցի գործընկերոջս խնդրել էի նաեւ ոչ մեծ քանակի ամանորյա գրքեր ուղարկել, որոնցից շուկայում չկա։
Մաքսայինում սկզբում նշեցին, որ ապրանքի մի մասը ոչ թե «գիրք» մակնշման պետք է լինի, այլ «նկարազարդվող գիրք», որի հարկումն արդեն ԱԱՀ-ով է։ Այս դիտարկմանը համաձայնեցի, քանի որ 30 գիրք իսկապես նկարազարդվող է, եւ Ռուսաստանում նրանց արժեքը կազմել է մոտ 36 հազար դրամ, սակայն Հայաստանում մաքսավորի կասկածի տակ դրված ապրանքը գնահատվել է 500 հազար դրամից ավելի, եւ փաստորեն տուգանվել ենք 374.000 դրամով։ Բացի այս ամենից, ինձ համար, որպես գործարարի, անհասկանալի է, թե մաքսային մարմնում մաքսազերծման գործընթացը ինչու տեւեց 20 օր, քանի որ սովորական մարդու հասկանալու համար, առարկան գիրք է, թե՝ խաղալիք, մեկ վայրկյան է պետք, իսկ մասնագետի համար՝ ավելի քիչ ժամանակ», - նշեց Մարտիրոսյանը՝ ստեղծված իրավիճակն ընդհանրապես պարադոքս անվանելով, քանի որ այս տարվա ընթացքում նույն գրքերից արդեն ներկրել է, որոնք «գիրք» են համարվել։
«2012-ի ընթացքում, այսօր արդեն «խաղալիք» դարձած մանկական գրքերից ներկրել ենք, եւ այն ժամանակ դա «գիրք» է համարվել, բայց փաստորեն տարվա վերջում այն դարձավ խաղալիք»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ դրանք մանկական գրքեր են, որոնք նաեւ ձայնային հնարավորություններ ունեն։
Ըստ նրա՝ ներկրված ապրանքն ունի գրքի միջազգային ISBN մակնշում, որով էլ ողջ աշխարհի երկրների պետական մարմինների համար այն նույնականացվում է, որպես գիրք, սակայն Հայաստանի մաքսային օրենսգրքում, որը հեղինակել է ֆինանսների նախարարությունը, գրքի մանրամասն նկարագրություն չկա։ «Այսինքն՝ օրենքը գրողների համար, գիրք առարկան փոփոխության չի ենթարկվել Հակոբ Մեղապարտի ժամանակից, հիշեցնեմ, որ դա 16-րդ դարում էր։ Սա 21-րդ դարի համար կարելի է ասել աբսուրդ է։ Այսօր գիրքը կարող է նաեւ թվային լինել, կարող է տպագրված լինել կտորի վրա, կամ փայտի։ Կան մանկական գրքեր, որոնք ձայն են հանում, կամ լուսային էֆեկտներ ունեն եւ այլն։ Ստացվում է, որ Հայաստանում, թերի օրենքի պատճառով, դրանք գիրք անվանելը վիճելի է»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ այս տարի Երեւանը գրքի մայրաքաղաք է ճանաչվել, եւ լավ առիթ է, որպեսզի պատկան մարմիններն օրենքի փոփոխության մասին մտածեն։
«Ես ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցը չեմ բարձրաձայնում ինձ համար։ Մենք արդեն տուգանվել ենք, եւ փաստ է, որ այս տարի նույնիսկ եթե ամանորյա հրաշք էլ լինի, այս գրքերը չենք հասցնի վաճառել։ Փաստորեն եռակի վնաս ենք կրում, որովհետեւ գիրքը ներկրել ենք, բայց մինչեւ մյուս դեկտեմբեր չենք կարող վաճառել, անհիմն տուգանվել ենք ապրանքի համեմատ հսկայական գումարով, եւ ստիպված ենք վճարել մաքսային պահեստի վարձն ու բանկի վարկի տոկոսը։
Փաստորեն այսուհետեւ,եթե այս տրամաբանությամբ շարժվենք, եւ գիրքը փափուկ լինելու պատճառով առաջին հերթին այն խաղալիք համարենք, ապա կնոջ կուրծքը նույնպես խաղալիք է, կամ եթե գրքով հնարավոր է մարդ սպանել, ապա այս տրամաբանությամբ, այն առաջին հերթին զենք է։
Ես պնդում եմ, որ խաղալիքը հնարավոր չէ կարդալ, եւ զարգացած, ժամանակակից մարդու համար, այն ինչը հնարավոր է կարդալ, դա չի կարող լինել խաղալիք»,- ասաց Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ այս աբսուրդային իրավիճակը ստեղծվել է թերի օրենքի եւ դրա կամայական մեկնաբանության պատճառով։ «Չկա «գիրք» ապրանքը նույնականացնող չափորոշիչ, փաստաթուղթ, որով առաջնորդվի մաքսայինի աշխատակիցը եւ ներկրողը։ Ընդհակառակը, թերի օրենքի պատճառով, Հայաստանում արդեն մաքսատնից սկսած թանկացվում է բնակչության ինտելեկտի զարգացմանը նպաստող ապրանքը, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել գրախանութները»,-նշեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ հետեւողական է լինելու ոչ միայն դատական ատյաններին, այլեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը դիմելու հարցում՝ պարզելու, թե արդյոք կազմակերպության կանոններին դեմ չէ՞ Հայաստանի կողմից ISBN-ը հաշվի չառնելու հանգամանքը։





























