«Մենք արդեն այստեղ ենք՝ Հայաստանում»,-երեկ «Ժամանակին» տեղեկացրեց հիպերմարկետների «Կարֆուր» ֆրանսիական ցանցի հայաստանյան կենտրոնի տնօրեն Վաչե Արսենը՝ մեկնաբանելով տարածված լուրերը, թե ՀՀ իշխանությունների «գործուն միջամտությամբ» ֆրանսիական ընկերությունը մտքափոխվել է եւ մեր երկրում կենտրոն չի բացի։
«Նա նշեց՝ դեռ հստակ չէ, թե երբ կբացվի կենտրոնը, սակայն կրկին հավաստեց, որ «Կարֆուրը» ՀՀ-ում գործելու է։ Վաչե Արսենը հրաժարվեց այլեւս պատասխանել մեր այլ հարցերի՝ պատճառաբանելով, որ դա ընկերության քաղաքականությունն, եւ տեղական կենտրոնի ներկայացուցիչները չեն կարող հարցազրույցներ տալ, իսկ անհրաժեշտության դեպքում կհրավիրվի մամուլի ասուլիս։ Հիշեցնենք, որ «Կարֆուրը» Հայաստանում հայտարարել է աշխատատեղերի մրցույթ եւ իր ապագա առեւտրի կենտրոնի համար աշխատակազմ է հավաքագրում: Կենտրոնն, ամենայն հավանականությամբ, կգտնվի «Դալմա գարդեն մոլ»-ում, որտեղ եւ մինչ օրս փակցված է «Կարֆուրի» պաստառը: «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն ինքն է ներկրում իր ապրանքը, եւ հայ օլիգարխներն այլեւս չեն կարողանա գին թելադրել»,- գրում է «Ժամանակը»։




























