«Հանրապետական» խմբացության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հերքում է երեկ` դեկտեմբերի 25-ին, ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի` Մուրադ Մուրադյանի` իրեն ծեծելու մասին լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ նման բան չի եղել, դա «խիստ սուտ է»,իրար վրա զեյթուն, պղպեղ չեն նետել եւ ծեծկռտուք չի եղել: «Ինձ տենց հե՞շտ ա ծեծել որ»,- ասաց նա` հավելելով, որ այժմ մեքենայով Վանաձոր է գնում: Մուրադ Մուրադյանի հեռախոսը անհասանալի է, նրանից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ:

Նշենք, որ 168.am-ը գրել էր, որ երեկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող, Մասիս քաղաքում գտնվող  «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ լրատվամիջոցի` ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ուղղութամբ զեյթուն է նետել, ինչին վերջինս պատասխանել է պղպեղ նետելով: Դա ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով: Վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրադյանը կանչել է իր մտերիմներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին: Կայքը գրել է, որ Բաղդասարյանի վիճակը այնքան ծանր է, որ նա չի կարողանում խոսել անգամ մտերիմների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ականների այդ ամանորյա կերուխումին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ծեծկռտուքը տեղի է ունեցել նրա հեռանալուց հետո, երբ ՀՀԿ-ականներն իրենց ազատ են զգացել և որոշել են մի փոքր թուլանալ:

Ի դեպ, մեր աղբյուրները հայտնեցին, որ իսկապես հավաքույթի ժամանակ միջադեպ է եղել, վիճաբանություն է եղել, բարձր ձայներ է լսվել, բայց բոլորին թվացել է, թե տեղում հարթվել է: Շարունակությունը կամ չեն տեսել,կամ էլ չեն ցանկանում պատմել: