Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իր ամանորյա ուղերձում հայտարարել է երկրի նախկին պաշտոնայների նկատմամբ քրեական հետապնդումների գործընթացի դադարեցման մասին: Նա խոստացել է նաեւ  «ներման նման ինչ-որ բան»:

 «Գործընթացն ավարտված է: Բռնության եւ ստի համակարգը պարտված է, եւ հիմա մենք պետք է ներենք բոլոր նրանց, ովքեր կամա թե ակամա, բայց ներգրավված են եղել այդ համակարգում: Մենք պետք է ներենք նրանց, եւ ներման նման մի բան մտածենք»,-հայտարարել է Իվանիշվիլին` հունվարի մեկին վրացական հեռուստաընկերությունների եթերներով հեռարձակվող իր ամանորայ ուղերձում

Հիշեցնենք, որ  «Վրացական երազանք» կոալիցիան, Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց եւ կառավարություն կազմելուց հետո, նախկին պաշտոնյաների եւ Սահակաշվիլիի նախկին իշխող կուսակցության`  «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների հանդեպ քրեական հետապնդում էր սկսել:

Վերջին 2 ամսվա ընթացքում կալանավորվել են պաշտպանության նախկին նախարարը, ՆԳՆ փոխնախարարը, ՆԳՆ նախկին աշխատակիցները, կրթության եւ գիտության նախարարը, Թբիլիսիի քաղաքապետն ու այլ գերատեսչություններ: Նրանցից շատերին ծառայողական լիազորությունները գերազանցելու մեղադրանք է ներկայացվել: Կալանավորվածների մի մասը դատարանի որաշմամբ ազատ են արձակվել: Սահակաշվիլին եւ  «ՄԱՇ»-ի ներկայացուցիչները կատարվածը գնահատել են որպես հակառակորդների հանդեպ տարվող քաղաքական հետապնդում: