Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր ծննդյան օրը երկրի բոլոր երեխաներին մեկական կգ կոնֆետ է ուղարկել: Այս ավանդույթը սկսել է կիրառվել Կիմ Իր Սենի ժամանակից, հաղորդում են Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները:

Հյուսիսկորեական ռադիոյի փոխանցմամբ՝ քաղցրավենիքներն օդանավերով ուղարկվել են մինչեւ 10 տարեկան բոլոր երեխաներին: Երկրի բնակիչները «օդանավերը դիմավորել են ոգեւորությամբ»:

Սեուլի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբանները կարծում են, որ Կիմ Չեն Ընի այս ակցիան ուղղված է «առատաձեռն եւ հոգատար առաջնորդի» իմիջի ձեւավորմանը, ինչպես նաեւ «երիտասարդ առաջնորդի անձի պաշտամունքի» ամրապնդմանը:

Երկրի առաջնորդի ծննդյան օրը երեխաներին կոնֆետ նվիրելու ավանդույթը սկսել է կիրառվել 1980 թվականից: Նախկինում Հյուսիսային Կորեայում առաջնորդի ծննդյան օրը համարվում էր պետական տոն, սակայն Կիմ Չեն Ընի ծննդյան օրը (հունվարի 8-ը) դեռեւս այդպիսին չի հայտարարվել:

Կիմ Չեն Ընի ծննդյան տարեթիվը հստակ հայտնի չէ: Տարբեր տվյալներով, նա կարող է ծնված լինել 1982, 1983 կամ 1984 թվականներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: