Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով ավելի վաղ պաշտոնապես առաջադրել էր իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է, որ հաղթանակի դեպքում մտադիր չէ կրկին գլխավորել կառավարությունը, այլ կզբաղեցնի միայն էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
«Ավելի վաղ ես որոշել եմ իմ ժառանգորդին, նա Անջելինա Ալֆանոն է: Ես արդեն եղել են վարչապետ, եթե մենք հաղթենք, այդ պաշտոնը կզբաղեցնի Ալֆանոն, իսկ ես կդառնամ էկոնոմիկայի նախարար»,-այսօր՝ հունվարի 7-ին, իտալական Rtl 102.5 ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է Բերլուսկոնին:
Բերլուսկոնիի այս որոշումը պայմանավորված է քաղաքական համաձայնությամբ, որը այս գիշեր ձեռք է բերվել «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ, իր կառավարությունում ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտո Մարոնիի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ «Հյուսիսի լիգա» կուսակցության ղեկավարները բազմիցս հայտարարել էին, որ պատրաստ են կրկին քաղաքական միություն կազմել Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության հետ, բայց պայմանով, որ Բերլուսկոնին չի հավակնի վարչապետի պաշտոնին:
Ռադիոեթերի ընթացքում Բերլուսկոնին պարզ հասկացնել է տվել, որ իր կողմնակիցները ընտրություններում հաղթանակի դեպքում կարող են աջակցել Իտալիայի Քաղաքացիական օրենսգրքի դրույթների վերանայմանը եւ հանդես գալ նույնասեռ ամուսնություններն իրավաբանորեն ճանաչելու օգտին:
Հաղորդման ժամանակ միլիարդատեր քաղաքական գործիչն իրեն «աստղ» է համարել եւ ընդգծել, որ բնակչության շրջանում մեծ աջակցություն է վայելում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























