Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզը հեռուստահարցազրույցում խոստովանել է, որ չի ցանկանում իր ապագա թոռանը եւ նրա հասակակիցներին մարդու ձեռքով ավերված աշխարհ ու բնություն ժառանգություն թողնել: 64-ամյա արքայազնը պատմել է 2012-ին ստացած իր տպավորությունների մասին:
«Տարիներ շարունակ ես խոսում եմ այն մասին, որ կարեւոր է երկարաժամկետ հեռանկարում ուշադրություն դարձնել բնապահպանական վնասի, կլիմայի փոփոխությունների խնդիրներին: Մենք չենք ուզում մեր թոռներին թողնել ավելի ու ավելի կործանվող աշխարհ, փոխանցել մեր խնդիրները: Ես չէի ցանկանա, որ իմ ապագա թոռը մեղադրեր ինձ, որ մենք ոչինչ չենք արել այդ ուղղությամբ, ուստի հիմա, թոռանս լույս աշխարհ գալուց առաջ առավել արդիական է բոլոր ջանքերը ներդնել, որպեսզի նրանց ամբողջությամբ աղտոտված բաժակ չթողնենք»,-պատկերավոր ասել է արքայազն Չարլզը, ով հայտնի է բնապահպանական խնդիրների հարցում իր խիստ դիրքորոշմամբ:
Նա նաեւ իր անհանգստությունն է հայտնել Աֆղանստանում ծառայող իր կրտսեր որդու՝ արքայազն Հարրիի ծառայության առթիվ: «Իհարկե, ես անհանգստանում եմ ամեն գիշեր, բայց նա սիրում է այն, ինչ անում է եւ հրաշալիորեն գլուխ է հանում դրանից: Ես մշտապես հանդիպում եմ այն ընտանիքների հետ, ովքեր որդի, ամուսին եղբայր կամ քույր են կորցրել: Ես, առնվազն, կարող եմ հասկանալ, թե ինչի միջով են նրանք անցել»,-ասել է Չարլզը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























