ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկամսյա դադարից հետո վերադարձել է աշխատանքի: Նա ապաքինվել է աղիքային ինֆեկցիայից, ուղեղի ցնցումից եւ երակների լայնացումից: Պետքարտուղարը պետդեպարտամենտի աշխատակիցների հետ առավոտյան խորհրդակցություն է անցկացրել:
Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Քլինթոնին դիմավորել են ծափահարություններով, նվիրել ամերիկյան ֆուտբոլ խաղալու սաղավարտ` Պետդեպարտամենտի խորհրդանշանով եւ մարզաշապիկ`112 համարով: Հենց 112 երկիր է այցելել Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Քլինթոնը քննարկել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի` Վաշինգթոն կատարելիք այցի նախապատրաստությունները: Քննարկվել են նաեւ Լիբիայի Բենգազի քաղաքում նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հանգամանքների հետաքննության արդյունքները: Ըստ Նուլանդի` Քլինթոնը հայտարարել է, որ մինչ իր իրավահաջորդի պաշտոնին անցնելը, զեկույցի յուրաքանչյուր կետ պետք է սկսել կատարել: Հիշեցնենք, որ Քլինթոնի իրավահաջորդը պետք է դառնա սենատոր Ջոն Քերին` Մասաչուսեթս նահանգից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ղեկավարի առողջության վերաբերյալ հարցերին Նուլանդը զգուշորեն է պատասխանել: Նա միայն կրկնել է, որ Քլինթոնն առույգ է, աշխույժ եւ հիանալի տեսք ունի: Մամուլի քարտուղարը նշել է, որ պետքարտուղարն առայժմ զերծ կմնա արտասահմանյան այցերից ` բժիշկների խորհրդով:




























