Ավստրալիայում տաք, չորային եղանակի եւ ուժեղ քամու պատճառով անվերահսկելի հրդեհներ են: Միայն Նոր Հարավային Ուելս նահանգում ներկայումս գրանցվել է հարյուր բռնկում: Մի քանի թաղամասերի բնակիչների ստիպված տարհանել են:
Հրդեհներ են նաեւ Թասմանիա կղզի-նահանգում, որտեղ կրակը ոչնչացրել է շուրջ հարյուր տուն: Փրկարարներն ավերակների տակ ոչ մի զոհի մարմին չեն հայտնաբերել:
Նոր Հարավային Ուելս նահանգի չորս թաղամասերում իշխանություններն իրավիճակն աղետալի են գնահատել:
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը նախօրեին Թասմանիա էր այցելել՝ չնայած տապի պատճառով նոր հրդեհների մասին նախազգուշացումների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրդեհներն սկսվել են անսովոր տապից հետո: Ավստրալիայի օդերեւութաբանական կենտրոնը հայտնում է, որ հինգ օրվա ընթացքում օդի միջին ջերմաստիճանը +39 աստիճան Ցելսիուսից ցած չի իջել:
Նոր Հարավային Ուելսում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը՝ 80 կմ/ժ ուժգնությամբ քամու ուղեկցությամբ: Նոր Հարավային Ուելս, Թասմանիա, Կանբերա եւ Վիկտորիա նահանգներում խարույկներ վառելու արգելք է մտցվել: Փակ են բոլոր ազգային պարկերը եւ անտառային տարածքները, իսկ զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում լքել վրանային ճամբարները:
Թասմանիայում խոշոր հրդեհ է գրանցվել Յարաբինա թաղամասում՝ երկրի մայրաքաղաք Կանբերայից 100 կմ հեռու:





























