Հունաստանի մայրաքաղաք Աթենքի արվարձաններից մեկում ընկերություններից մեկի աշխատակիցները երկրի քաղաքացիների հարկերի մասին տվյալների 120 մլն ձայնագրություն են գողացել: Մասնագետների խոսքով՝ «սեւ շուկայում» անձնկան տվյալների նման ծավալը կարելի է վաճառել 100 հազար եվրոյով:

Ոստիկանության՝ կիբերհանցագործություններով զբաղվող բաժինը հետաքննություն է սկսել ընկերության սեփականատարերի դեմ, որը 35 աշխատակից ունի: Որպես տեղեկատվության աղբյուր մեկ անգամ հիշատակվում է ֆինանսների նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Էթնոս» թերթի կայքը:

Վերջին ժամանակներս սա Հունաստանի քաղաքացիների անձնական տվյալների խոշոր գողության երրորդ դեպքն է: Նոյեմբերի վերջին ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը կալանավորել է մասնավոր մի ընկերության 35-ամյա աշխատակցին, ով փորձել է վաճառել 9 մլն հարկատուների մասին անձնական տեղեկատվությունը եւ սա այն դեպքում, երբ Հունաստանի բնակչությունը կազմում է 10,8 մլն մարդ:

Դրանից առաջ ֆինանսների նախարարությունից գողացել էին մակրոտնտեսական տվյալներով փաստաթղթերը: Ոստիկանությունը չի բացառում, որ բոլոր երեք դեպքերը կապված են միմյանց հետ եւ փորձում է պարզել, թե Ֆինանսների նախարարությունից ով կարող էր նման ծավալի տեղեկատվություն գողանալ: