Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման գործով միակ ձերբակալված Ալի Հարզիին ազատել են բավարար հանցանշանների բացակայության պատճառով: Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը: 

Հարձակման  կասկածյալի գործը, որի հետեւանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը եւ եւս երեք ամերիկացիներ,  քննվում է Թունիսում՝ լիբիական կառավարության կողմից իրավիճակի ոչ բավականաչափ վերահսկման պատճառով, հայտնում է  «Ռուսաստանի ձայնը»:

Հարզիի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ Թունիսի իշխանությունները հունվարի 7-ի երեկոյան ստիպված ազատել են մեղադրյալին, սակայն նա իրավունք չունի լքելու Թունիսի մայրաքաղաքը եւ պետք է դատարան ներկայանա առաջին իսկ պահանջով:

Ալի Հարզին ձերբակալվել էր 2012թ. հոկտեմբերին Թուրքիայում եւ հանձնվել Թունիսի իշխանություններին: Դեկտեմբերին նրան հարցաքննել էին ՀԴԲ-ի աշխատակիցները: Չի հաջողվել ապացուցել հյուպատոսության վրա հարձակմանը նրա ունեցած մասնակցությունը:

2012թ. հոկտեմբերին Եգիպտոսի իշխանությունները հայտնել էին, որ Կահիրեի  մերձակայքում փոխհրաձգության հետեւանքով ոչնչացվել էր ամերիկյան դեսպանի մարդասպանը: Այն ժամանակ էլ «Անսար Ալ Շարիա» իսլամական ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Այուբը Թունիսի դատարանի կողմից դատապարտվել էր  մեկ տարվա ազատազրկման՝ Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման  կազմակերպման համար: