Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ից, Հոլանդիայից եւ Գերմանիայից բերվելիք Patriot հրթիռային համալիրների տեղակայման կապակցությամբ։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ հիշեցվել է, թե Թուրքիան 2012-ի նոյեմբերի 21-ին ՆԱՏՕ-ից պահանջել էր թուրք ժողովրդի եւ հողերի պաշտպանության համար Patriot հրթիռային համալիրներ տրամադրել, որից շատ չանցած՝ դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ում որոշում է կայացվել, որ ԱՄՆ-ը, Հոլանդիան եւ Գերմանիան երկուական մարտկոց Patriot կուղարկեն Թուրքիա։

Հայտարարության մեջ նշվել է, որ Գերմանիայից եկող մարտկոցները կտեղադրվեն Քահրամանմարաշում (Մարաշ), Հոլանդիայից եկողները՝ Ադանայում, ԱՄՆ-ից եկողները՝ Գազիանթեփում (Այնթափ)։