Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում 23-ամյա ուսանողուհուն դաժանաբար բռնաբարած 4 սադիստներից երկուսը հրաժարվել են իրենց մեղավոր ճանաչել: Նրանք մեղադրվում են նաեւ աղջկա սպանության մեջ, իսկ դրա համար Հնդկաստանում մահապատժի են ենթարկում:
Իրենց մեղքն ընդունելուց հրաժարվել են Մուկեշ Սինգհը եւ Ակշար Թհակուրը: Նրանց փաստաբանները հայտարարել են, թե «դեռեւս ոչինչ ապացուցված չէ»: Մյուս երկու ամբաստանյալները՝ Վիջայ Շարման եւ Պավան Գուպտը, հակառակը, համաձայնել են համագործակցել քննության հետ եւ հանդես գալ որպես վկաներ, հույս ունենալով, որ ավելի մեղմ պատժի կարժանանան:
Նրանք բոլորը մեղադրվում են բռնաբարության, սպանության, կաղապուտի, ապացույցների ոչնչացման եւ հանցավոր գործարքի գնալու մեջ: Գործով դատական առաջին լսումները կայացել են հունվարի 7-ին, հաջորդ լսումները կլինեն հունվարի 10-ին, հաղորդում է НТВ-ն:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհը ցնցած սարսափելի դեպքը գրանցվել է դեկտեմբերի 16-ին՝ Նյու Դելիում: 23-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս է եղել կինոթատրոնից, երբ ավտոբուսում գտնվող տղամարդիկ սկսել են անհանգստացնել աղջկան: Արդյունքում նրանք հենց ավտոբուսում դաժանաբար բռնաբարել են աղջկան, այնուհետեւ խոշտանգել են մետաղյա ձողով:
Բուժման նպատակով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ուսանողուհուն հասցրել են Սինգապուր, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Այս հրեշավոր միջադեպը շոկի մեջ է գցել Հնդկաստանի բնակչությանը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով պաշտպանել կանանց եւ մահապատիժ սահմանել բռնաբարության համար:
Զանգվածային հուզումների արդյունքում առնվազն 20 մարդ է մահացել:




























