Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հաստատել է հանդիպելու իր առաջարկը Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին:
Առաջարկը փոխանցվել է Հայ եկեղեցու վիրահայոց թեմի գահերեց եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի միջոցով՝ Փաշազադեի Վրաստան կատարած այցելության ժամանակ:
Մայր աթոռի տեղեկատվկան համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ առաջին անգամ Ղարաբաղի սահմանին նման հանդիպում կազմակերպելու առաջարկը Գարեգին Բ-ի կողմից հնչել է 2011-ի նոյեմբերին, Համայն ռուսիո պատրիարքի եւ Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդի հետ հանդիպման ընթացքում: Այդ եռակողմ հանդիպումը կայացել է ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդների խորհրդի նիստի շրջանակներում: «Հենց այդ ժամանակ առաջարկվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել Արցախում, սահմանի վրա»,-ասաց Վահրամ Մելիքյանը, հավելելով, որ Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի Վրաստան այցելության ընթացքում այդ առաջարկությունը Ամենայն հայոց կաթողիկոսի հնձնարարությամբ կրկին հնչեցրել է Վազգեն Միրզախանյանը: «Առաջարկվել է հանդիպել մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասաց նա:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալլահշուքյուր Փաշազադեին այս առաջարկին ի պատասխան նշել է, որ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համաձայնության դեպքում:





























