«Ղարաբաղյան հակամարտության ճանապարհին պատերազմի վերսկսման հավանականությունը չի կարելի բացառել, քանի որ կողմերի դիրքորոշումները սկզբունքային հարցերում խիստ տարբերվում են միմյանցից»,- NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլեերի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսումը բացառել չի կարելի։
Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ անընդհատ փորձում են արհեստականորեն արագացնել իրադարձությունների զարգացումը, ինչն էլ, շատ հավանական է, որ կմեծացնի ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը։ «Սակայն այսօր, գոնե, նման մտավախություն չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբում գործընթացը շարունակվում է, եւ բացի այդ, միջազգային հանրությունը երբեք չի սատարի ուժային լուծմանը. իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հաշվի են նստում միջազգային կարծիքի հետ»,- տեսակետ հայտնեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանը պարտավոր է դիվանագիտական խողովակներով ճշտել ամերիկյան կողմից, թե ի՞նչն է հիմք տվել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլեերին՝ հանդես գալ վերոնշյալ հայտարարությամբ։ «Այսօր մեր տարածաշրջանում խաչվում են տարբեր երկրների եւ ուժերի շահեր, հետեւաբար պետք է խիստ ուշադիր լինել նմանատիպ հայտարարությունների նկատմամբ»,- ամփոփեց քաղաքագետը։




























