Լոս Անջելեսում ԱՄՆ դաշնային դատարանի նախկին աշխատակիցը եւ նրա ամուսինն իրենց մեղավոր են ճանաչել գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ, որն օգտագործվել է որպեսզի հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին, այդ թվում Armenian Power ավազակախմբի անդամներին, նախապես տեղեկացնեն կազմակերպվող շրջայցերի մասին: Այս մասին գրում է «The Fresno Bee» թերթը՝ վկայակոչելով Associated Press-ը:

ԱՄՆ դաշնային դատախազի օգնական Բրյուս Ռիորդանը հայտնել է, որ Նունե Գեւորգյանը եւ նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը երկուշաբթի գրավոր հայտարարել են, որ ինքնակամ խոստովանում են իրենց մեղքը:

Գեւորգյանը դատարանում աշխատել է որպես քարտուղար, որտեղ նա ուսումնասիրել է Armenian Power բանդայի մասնակիցների դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունները եւ ոստիկանական շրջայցերից առաջ տեղյակ պահել նրանց:

Կոշկարյանը հանդես է եկել որպես միջնորդ՝ վաճառելով կնոջ ձեռք բերած տեղեկատվությունը:

Հայ զույգի մասին իրավապահներին ցուցմունքներ է տվել հայկական բանդայի անդամներից մեկը՝ մեղմ դատավճռի դիմաց: