NEWS.am-ը ներկայացնում է պատմաբան եւ Բրազիլիայի Սան Պաոլուի համալսարանի դոկտորանտ Էյտոր Լորեյրուի հոդվածը որը հրապարակվել է «Nouvelles d`Arménie»-ում:

Բրազիլիայում ներկայումս ապրում է շուրջ 40 հազար հայ, որոնք կենտրոնացած են հիմնականում Սան Պաոլուում եւ նրա արվարձան Օզասկուում:

Եթե դիտարկենք երկրի մայրցամաքային չափսերն ու 200 մլն բնակչությունը, ապա պարզ կլինի, որ հայերի թիվն աննշան է: Նրանք կենտրոնացած են մեկ քաղաքում, ինչը դժվարացնում է կառավարությանը պահանջներ ներկայացնելու հնարավորությունը:

Այդուհանդերձ, Սան Պաոլուում հայերի ներկայությունը սփյուռքի այդ հատվածին որոշակի ուժ է տալիս, որը թույլ է տալիս համախմբվել կարեւոր հաղթանակների հասնելու համար:

Այսպես, 1930 թվականին, հայերի մեծ մասի ներգաղթից հետո (Մարաշից, Սիսից, Ուրֆայից, Կիլիկիայի այլ քաղաքներից), հայտնվեցին մի քանի միություններ ու եկեղեցիներ: Ավելի ուշ՝ 1964-ին, Սան Պաոլուի համալսարանում ստեղծվեց հայերենի ամբիոնը: Երեք հայկական եկեղեցիների (առաքելական, կաթոլիկ եւ բողոքական) անմիջական հարեւանությամբ կառուցվեց Հայոց ցեղասպանության հուշարձան: Բացի այդ, հայ համայնքը կարողացավ փոխել մետրոյի կայարանը, որն այժմ կոչվում է «Արմենիա» (1985թ):
Ներկայումս Սան Պաոլուի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն կենտրոնական իշխանության կողմից դրա ճանաչումը քիչ հավանական է, թեեւ հարեւան Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1985-ին, իսկ Ուրուգվայը՝ 1965-ին:

Վերջին տասնամյակում Սան Պաոլուի հայ համայնքը վերածնունդ է ապրում հատկապես շնորհիվ նոր սերնդի, որն իր մեջ բացահայտում է հայությունը: Դա, հիմնականում, տեղի է ունենում համացանցի, սոցիալական ցանցերի եւ կայքերի շնորհիվ:
Վերջին ժամանակներս տեխնոլոգիաները թույլ տվեցին ցույց կազմակերպել Սան Պաոլուում Թուրքիայի հյուպատոսության դիմաց, ինչպես նաեւ տեսանյութեր տարածել, որոնք թույլ են տվել երիտասարդներին բացատրել հայկական հարցի իրականությունը: