Իտալիայում փոքրիկ աղջնակի սիրտը կանգնել է ընտանեկան տոնի ժամանակ, որի ընթացքում հարազատները որոշել են երեխային կախարդով վախեցնել: Հնգամյա աղջնակը կաթվածահար է եղել հարազատներից մեկին տեսնելով հայտնի կախարդ Բեֆանայի հանդերձներով:

Corriere del Mezzogiorno թերթը գրում է, որ Սիցիլիայի Վիտորիա քաղաքում ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 6-ին` Աստծու հայտնության կաթոլիկական տոնի օրը, երբ Իտալիայում ընդունված է երեխաներին նվերներ եւ քաղցրավենիք նվիրել: Ըստ ավանդույթի` տոնի նախօրեին երեխաները տանը հատուկ գուլպաներ են կախում, որպեսզի հեքիաթային Բեֆանան դրանցում նվերներ եւ կոնֆետներ կդնի բարի եւ խելոք երեխաների համար:  Կախարդը արտաքնապես հիշեցնում է Բաբա Յագային, նրան պատկերում են զազրելի պառավի տեսքով` սեւ գլխաշորով, ցախավելին նստած  եւ պարկն ուսին: Սեփական տանը նման սարսափելի հյուր տեսնելով` աղջիկը  վախից մահացել է:

Երբ ծնողները դստերը տարել են քաղաքային հիվանդանոց,  բժիշկներին մնացել է միայն հաստատել նրա մահը, հայտնում է NEWSru.com-ը: Ըստ բժիշկների` երեխան ուժեղ  ցնցում է ապրել, որն էլ հանգեցրել է  ողբերգական վախճանի, քանի որ աղջիկը տառապում էր սրտանոթային համակարգի հիվանդությամբ: