Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ին տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող «Vakantiebeurs' 2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ:

Հայկական տաղավարը այցելուների ու մասնակիցների կողմից աննախադեպ հետաքրքրության է արժանանում:

Նիդեռլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարեւոր ուղղություններից մեկը: Հայաստանի եւ Արցախի գրավիչ եւ բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան եւ Արցախ էր այցելել հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային եւ հոգեւոր ժառանգության վերաբերյալ, որը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում ամենահեղինակավոր «Channel 3 Travels» հեռուստահաղորդաշարով։

Հաշվի առնելով հոլանդացի զբոսաշրջիկների կողմից հայկական զբոսաշրջային արդյունքների նկատմամբ ձեւավորված պահանջարկը եւ դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը՝ հարկ է նշել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երեւան-Ամստերդամ-Երեւան Կիեւի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղեւորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ: