«Որեւէ մեկը չի կարող բացառել, որ ղարաբաղյան պատերազմը երբեւէ կարող է վերսկսվել, սակայն չբացառելը դեռ չի նշանակում, որ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նշելով, որ պատերազմի վերսկսման եւ դրա հավանականության մեծացման հարցերը «երկու՝ բացարձակապես տարբեր բաներ են», նա համոզմունք հայտնեց, որ պատերազմի վերսկսման հավանականությունը կարող է մեծանալ միայն այն դեպքում, եթե հակամարտող կողմերից մեկը, այս դեպքում՝ Ադրբեջանը, զգա, որ ինքը 51 տոկոս հավանականություն ունի հաղթելու պատերազմում, ինչն այսօրվա դրությամբ այդպես չէ։ «Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն ժամանակ, երբ վստահ կլինի իր հաղթանակի վրա կամ եթե զգա, որ Թուրքիան լքել է իրեն եւ հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ»,- ամփոփեց Կ. Մանոյանը։