Աշխարհի 23 երկրներում հունվարի 13-ին հազարավոր մարդիկ մասնակցել են միջազգային խոշորագույն ֆլեշմոբին` No Pants Subway Ride (Երթեւեկություն մետրոյում` առանց անդրավարտիքի):
Միայն ներքնազգեստով մարդիկ ձեւացրել են, թե իբր ոչ մի արտասովոր բան չկա, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Ակցիային մասնակցել են նաեւ Մեխիկոյի մետրոյի հարյուրավոր ուղեւորներ, եւ Մեքսիկայի հասարակության համար դա յուրօրինակ մարտահրավեր է, նշում է ՆՏՎ-ն: Այդ երկրում մինչ այժմ շատ ամուր են կաթոլիկական ավանդույթները, եւ ոչ բոլորն են զվարճալի համարում հանրության առաջ կիսամերկ հայտնվելը:
«Առանց անդրավարտիքի» տարին մեկ անգամ մետրոյով երթեւեկելու ավանդույթը ծագել է 2001թ.` Նյու Յորքում: Կազմակերպիչները պնդում են, որ այժմ նման ակցիաներին մասնակցում են ամբողջ աշխարհի արդեն 50 քաղաքների բնակիչներ: Մանակիցները նախապես պայմանավորվում են սոցիալական կայքերում եւ ընտրում օրը: Ֆլեշմոբի կանոնները պարզ են. Պետք է մետրո իջնել առանց անդրավարտիքի կամ կիսաշրջազգեստի եւ այդպես անցնել գոնե մի քանի կայարան:

































