Volkswagen  ավտոմոբիլային կոնցեռնը հաղորդել է 2012 թվականին մեքենաների վաճառքի ռեկորդային աճի մասին. վաճառվել է ավելի քան 9 մլն. ավտոմեքենա, ինչը անցած տարվա համեմատ 11 տոկոսով ավելի է։ Ամենակտրուկ աճը գրանցվել է դեկտեմբերին, երբ վաճառվել է մոտ 21 տոկոսով ավելի շատ ավտոմեքենա, քան 1 տարի առաջ։ 

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ավտոմեքենաներն առավել շատ գնել են Հարավարեւելյան Ասիայում եւ Չինաստանում, որտեղ վաճառվել է ավելի քան 3 մլն. մեքենա։ Հարավային Ամերիկայի երկրներում վաճառվել է ավելի քան 1 մլն. մեքենա, իսկ ԱՄՆ-ում՝ 841,500 ավտոմեքենա։ 

Արեւմտյան Եվրոպայում կատարվել է հակառակը՝ պարտքային ճգնաժամի պատճառով «Ֆոլքսվագենի» պահանջարկը նվազել է։ 2011 թվականի համեմատ՝ Եվրոպայում վաճառքները նվազել են 6,5 տոկոսով։ Բացառություն է կազմել Գերմանիան, որտեղ վաճառքն աճել է 2 տոկոսով։

Վաճառքի ծավալով համաշխարհային ռեկորդակիր շարունակում է մնալ ճապոնական Toyota-ն, որի ավտոմեքենաների վաճառքը 2012 թվականին կազմել է մոտ 10 մլն. ավտոմեքենա։