Փետրվարի 4-ին, կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքել է մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի հրաժարականի վերաբերյալ մամուլի մեկնաբանություններին: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին հրաժարական էր տվել մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը:

«Ես բոլորին ուզում եմ ասել, որ դա պարոն Մուրադյանի ցանկությունն էր, նա որոշել է իրեն նվիրել ստեղծագործական աշխատանքին, մենք հարգել ենք նրա խնդրանքը եւ ուզում ենք քաղաքացիներին, մշակույթի ոլորտը ուշադրության կենտրոնում պահող հանրության ներկայացուցիչներին տեղյակ պահել, որ մենք բարձր ենք գնահատում պարոն Մուրադյանի կատարած աշխատանքը, ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ որպես փոխնախարար, մենք իրենից գոհ ենք եղել»,-ասել վարչապետը:

Իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր հերթին ավելացրել է, որ ինքն ու Մուրադյանը աշխատել են երկար տարիներ եւ լավ բարեկամներ են, պարզապես. «Ես խոստացել էի, որ նա ավելի թեթեւ կյանք կունենա մշակույթի նախարարությունում, բայց ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց, եւ ես շատ ցավում եմ»: